Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Բժշկական մանրէաբանության ամբիոն

Հիմնադրվել է 1923թ.-ին:

Ամբիոնի վարիչ՝ Վլադիմիր Արմենակի Շեկոյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ:


Պատմություն

Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Ա.Ի. Իսահակյանը (1923-51թթ.), Բ.Գ. Ավետիքյանը (1951-54 թթ.), Վ.Գ. Միքայելյանը (1954-75 թթ.), դոց. Լ.Ա. Ֆրանգուլյանը (1975-86 թթ.): 1986 թ.-ից առ այսօր ամբիոնի վարիչը պրոֆեսոր Վ.Ա. Շեկոյանն է:

Ամբիոնի հիմնադիր, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանը (1885-1977թթ.) գիտագործ­նական աշխատանքներ է կատարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման միջոցառումների մշակման ուղղությամբ: Ակտիվորեն մասնակցել է սանհիգիենիկ գիտահետազոտական և անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտների հիմնադրմա­նը, տարիներ շարունակ ղեկավարել է առաջինի մանրէաբանական բաժանմունքը, իսկ երկրորդի՝ մանրէաբանության ամբիոնը: Նրա գրչին են պատկանում ավելի քան 40 գիտական աշխատանքներ:

Շուրջ 20 տարի ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վերգինե Գևորգի Միքայելյանը, ով մեծ ավանդ ունի Հայաստանում բժշկական կրթության, մանրէաբանության և իմունաբանության զարգաց­ման գործում: 1932թ.-ին աշխատել է բժշկական ինստիտուտում՝ սկզբում որպես համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, այնու­հետև 1938-44թթ.-ին եղել է բժշկական ինստիտուտի ռեկտոր, 1951-54թթ.-ին՝ սննդի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1954-75թթ.-ին ղեկավարել է մանրէա­բանության ամբիոնը: Եղել է մանրէաբանների և ինֆեկցիո­նիստների հանրապետական գիտա­կան ընկերության նախագահ, համամիութենական նույնանուն ընկերության վար­չության անդամ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան երկու շքանշաններով և մեդալներով:

1986թ.-ից ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանը: Պրոֆեսորը շուրջ 45 տարի գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում բժշկական համալսարանում՝ անցնելով աշխատանքա­յին ուղին մանրէաբանության ամբիոնի ասպի­րանտից մինչև պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: Ավելի քան 46 տարի նրա գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրությանը իմունաբանական պրոցեսներում: Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում՝ մենա­գրու­թյան, երեք դա­սագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Պրոֆեսոր Վ.Ա. Շեկոյանն ընտրվել է ՀՀ ԲԳԱ և ՌԴ ԲԳԱ հայաստանյան մասնաճյուղի ակադեմիկոս, պաշտպանական մասնագիտական և մի շարք գիտա­կան հանդեսների խմբագրական խորհուրդ­ների անդամ է: 1979-82թթ.-ին ընտրվել է ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, 1983-91թթ.-ին՝ բուժական ֆակուլտետի դեկան, իսկ 2002-2011թթ.-ին աշխատել է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրո­ռեկտոր: Բազմամյա ու բեղմնավոր կազմակերպչական և գիտա­մանկավարժական գործունեության համար 2000թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ.Հերացու անվան մեդալով, 2010թ.-ին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Տարբեր տարիներ ամբիոնում իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել Ա.Հ. Միրզաբեկյանը, Լ.Ա. Ֆրանգուլյանը, Ջ.Հ. Ամյանը, Մ.Հ. Մելքումյանը, Է.Գ. Շեկո­յանը, Ջ.Ա. Ահարոնովան, Ռ.Հ. Մանուկյանը, Ն.Պ. Բաբայանը, Լ.Դ. Մխեյանը, Վ.Ս. Թովմասյանը, Ն.Ա. Թարվերդյա­նը, Մ.Ս. Հովհաննիսյանը, Կ.Ղ. Մանուկյանը, Ս.Ց. Չիլինգարյանը, Կ.Խ. Քալաշյանը, Դ.Մ. Մուրադյանը, Ս.Յու. Զալինյանը, Ք.Հ. Աբ­գարյանը, Գ.Մ. Պողոսյանը, Վ.Ա. Ասոյանը, Լ.Ա. Վարդանյանը և ուրիշներ:


Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը տարվում է ինտեգրված ուսուցման համակարգի դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար 3-րդ և 4-րդ կիսամյակներում (2-րդ կուրս), ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների համար 4-րդ և 5-րդ կիսամյակներում (2-րդ և 3-րդ կուրս) հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: 2011թ.-ից կազմակերպված է ուսուցում «Մանրէաբա­նություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար և երկարաժամկետ ու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ՝ բժիշկ մանրէա­բանների համար: Դասավանդվում է «Բժշկական մանրէաբանություն», «Վիրուսաբանություն», «Իմունաբանություն» առարկաները: Համապատասխան ծրագրերով նախատեսված նյութը ինտեգրված ուսուցման համակարգի ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և բժիշկ մանրէաբան­ներին մատուցվում է դասախոսությունների, գործնական և լաբորատոր աշխատանքների ձևով:

Ամբիոնում մեծ աշխատանք է կատարվում ուսումնական գործընթացի կատարելա­գործման, ուսումնա­մեթոդական գրականու­թյան ստեղծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Համակարգչային տեխնիկայի և ինտերնետ կապի հնարավորու­թյունների կիրառ­մամբ ստեղծվել է էլեկտրոնային բանկ, որը ներառում է երեք լեզուներով մշակված և ունիֆիկացված դասախոսություններ ու թեստեր, մանրէ­ների մորֆոլոգիան և ուլտրակառուցվածքը ներկայացնող էլեկտրո­նային ատլաս, առարկայի տարբեր բաժինները ներկայացնող տեսաֆիլմեր, մուլտիմեդիաներ, լազերային սկավառակ­ներ և այլ ցուցադրական նյութեր: Անգլերեն լեզվով դասավանդումը ամբիոնում սկսվել է 2002-03 ուստարում, որի արդյունավետ կազմա­կերպման նպատակով պատրաստ­վել են որակյալ դասախոսներ (դասավանդում են 5 դոցենտ և 2 դասախոս), և ուսումնամեթոդական գրականություն առարկայի բոլոր բաժին­ներից:

Վերջին տարիներին ամբիոնի կողմից հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հրատարակվել են դասագիրք՝ «Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն» (2009), «Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն» (2015)և ուսումնական ձեռնարկներ՝ «Մեթոդական մշակումներ ընդհանուր մանրէաբանությունից» (2003), «Methodical instructions for practical lessons of common microbiology» (2001), «Methodical Instructions for Practical lessons of special Microbiyology» (2002), «Viruses. General characteristics of viruses. Viral structure. Taxonomy of viruses. Viral multiplication. Cultivation of viruses. Bacteriophage» (2003), «Microflora of plant drug raw material, phythopathogenic microorganisms, microbial control of drug material, Microbiology and immunology of stomatologic diseases» (2008), «Special microbiology» (2016), «Общая микробиология» (2008), «Частная микробиология» (2016):

Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական աշխատանքներին:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը կազմավորման սկզբնական շրջանում զբաղվել է արևադարձային տեղական վարակների ուսումնասիրություններով: Ա. Իսահակյանն առաջինն է Հայաստանում բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակները և մալթայան տենդը (բրուցելյոզ): Միաժամանակ ուսումնասիրվել են այդ հիվանդությունների հարուցիչները, տարածման ուղիները և դրանց դեմ պայքարի միջոցները: Հետագայում ամբիոնի աշխատակիցները զբաղվել են ՀՍՍՀ երկրամասային ախտաբանության՝ աղիքային վարակների հարցերով (Բ. Ավետիքյան, Վ. Միքայելյան, Ա. Միրզաբեկյան, Ջ. Ահարոնովա, Լ. Ֆրանգուլյան, Է. Շեկոյան և ուրիշներ): Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի հարուցիչը (Ջ. Ամյան), վերքային ինֆեկցիաների հարուցիչները (Բ. Ավետիքյան, Մ. Ալավերդյան) և պնևմոնիայի միկոպլազմաներով հարուցված հիվանդությունը (Ն. Բաբայան): Հետազոտվել են նաև հակաբիոտիկների, արդյունաբերական թույների, գյուղատնտեսական թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբանական տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների դերը՝ մասնավորապես հարվահանագեղձի, օրգանիզմի իմուն պրոցեսների կարգավորման հարցում (Վ. Շեկոյան): Ամբիոնի գործունեության տարբեր տարիներին ուսումնասիրվել է նաև էլեկտրոստատիկ դաշտի ազդեցությունը առաջնային իմուն պատասխանի և մակրոֆագերի ակտիվության վրա (Վ. Թովմասյան), կարդիովիրաբու­ժական միջամտությունների ազդեցությունը իմունակարգավորման օղակի վրա և վերջինիս դերը թարախասեպտիկ բարդությունների առաջացման խնդրում (Լ. Մխեյան), անաէրոբ-աէրոբ մանրէների փոխազդեցության ասոցացված դերը վերքային ինֆեկցիաների պաթոգենեզում (Ն. Թարվերդյան), ժամանակակից հրազենային վնասվածքի մանրէաբանա­կան հատկանիշների փոփոխման դինամիկան (Կ. Բարոյան), Երևան քաղաքի երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման և սեռական հասունացման տեմպերի և աղիների նորմալ միկրոբիոցենոզի վիճակը (Մ. Հովհաննիսյան), ռոտավիրուսային գաստրոէնտերի­տով հիվանդացությունը Հայաստանում (Կ. Մանուկյան), աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության համաճարակաբնությունը ԼՂՀ-ում (Զ. Ասրիյան):

1986թ.-ից բժշկական մանրէաբանության ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնա­սիրությանը իմունաբանական գործընթացներում: Հետազոտությունների արդյունքները թույլ են տվել առաջին անգամ պարզաբանելու հիպոթալամուսի մոդուլացնող դերը մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի բջիջների, մասնավորապես մակրոֆագերի և դրանց լիզոսոմալ ապարատի ֆունկցիոնալ ակտիվության գործում (Վ. Շեկոյան): Հետագայում պարզաբանվել է ԳԱԿԹ-էրգիկ համակարգի նեյրոմեդիատորների, մասնավորապես ԳԱԿԹ-ի (գամմաամի­նոկա­րագա­թթու) փոքր դոզաների իմունոխթանիչ ազդեցությունը բնական իմունիտետի կարևորագույն գործոնների (ֆագոցիտոզ, կոմպլեմենտի ակտիվություն) և առաջնային իմուն պատասխանի վրա, որն իրականացվում է մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի բջիջների միջոցով (Վ. Շեկոյան, Դ. Մուրադյան): Բացահայտվել է ԳԱԿԹ-ի նպատակա­ուղղված օգտագործման հնարավորությունը, որպես իմունոմոդուլյատոր, իմուն պրոցեսների կարգավորման նպատակով նորմայում և տարբեր ախտաբանական պրոցեսներում՝ վեր­քային ինֆեկցիոն պրոցես (Վ. Շեկոյան, Ն. Թարվերդյան, Լ. Մխեյան, Կ. Մանուկյան) մոբիլիզացիոն սթրես (Վ. Շեկոյան, Վ. Թովմասյան), սակավաշարժություն (Վ. Շեկոյան, Ս. Զալինյան, Ք. Աբգարյան, Գ. Պողոսյան),: 2005-16թթ.-ի ընթացքում հրատարակվել է շուրջ 50 աշխատանք, որոնք ներկայացվել են միջազգային գիտաժողովներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն):

Ներկայումս ամբիոնը ուսումնասիրում է սակավաշարժության պայմաններում իմունոգե­նեզի օրգաններում կառուցվածքային և իմունաբանական տեղաշարժերը: Հետազոտության նպատակն է իմունոգենեզի օրգաններում 3, 7, 14 օր սակավաշարժության պայմաններում ուսումնասիրել ցիտոարխիտեկտոնիկան, IL-6 արտադրող B-լիմֆոցիտար պոպուլյացիայի կազմը, ԳԱԿԹ-ի բաշխման տոպիկ առանձնահատկությունները, TNF-α-ի, IL-2-ի և պրոլակտինի մակարդակները, ԳԱԿԹ-ի փոքր դոզաների համուղղող ազդեցությունը, ինչպես նաև ուսումնասիրել սպիտակ առնետների հաստ աղու նորմալ միկրոֆլորան և դրա ներկայացուցիչների հնարավոր տրանսլոկացիան տարբեր ներքին օրգաններ և արյուն:


Համագործակցություն

Բժշկական մանրէաբանության ամբիոնը սերտորեն համագործակցում է ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնի հետ:


Ամբիոնի աշխատակազմ

Շեկոյան Վլադիմիր Արմենակի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Մանուկյան Կոստանդին Ղուկասի դոցենտ, բ.գ.թ.
Մխեյան Լարիսա Դմիտրիի դոցենտ, բ.գ.թ.
Հովհաննիսյան Մարինե Սերյոժայի դոցենտ, բ.գ.թ.
Մուրադյան Դիանա Մարտինի դոցենտ, բ.գ.թ.
Զալինյան Սուսաննա Յուրիկի դոցենտ, բ.գ.թ.
Աբգարյան Քրիստինե Հենրիկի դոցենտ, բ.գ.թ.
Պողոսյան Գայանե Մեսրոպի ավագ դասախոս, բ.գ.թ.
Չիլինգարյան Սեդա Ցոլակի դասախոս, բ.գ.թ.
Գևորգյան Զարուհի Հուսիկի դասախոս, բ.գ.թ.
Սարգսյան Լիլիթ Անդրեի դասախոս
Խաչատրյան Լիլիթ Գևորգի դասախոս
Էլբակյան Արաքսյա Վրույրի ասիստենտ
Գրիգորյան Գոհար Գագիկի ասիստենտ
Հարությունյան Հասմիկ Շահենի ասիստենտ
Պետրոսյան Կարինե Հրանտի լաբորանտ
Հարությունյան Էլիզաբեթ Միհրդատի լաբորանտ
Մանվելյան Լիլիթ Անդրանիկի պրեպարատոր
Հարությունյան Լուսինե Հովհաննեսի համակարգչային օպերատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Բժշկական մանրէաբանության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 56 09 81
Ֆաքս՝ (+37410) 58 25 32
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook