Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ասպիրանտական կրթության ներքին և արտաքին որակի ապահովման ստանդարտների վերաբերյալ քննարկում ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում

14.05.2015

Ս/թ մայիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի հերթական հանդիպում, որը նվիրված էր ասպիրանտական կրթության ներքին և արտաքին որակի ապահովման ստանդարտներին:

Հանդիպման սկզբում ներկայացվեց ԲՈւՀ-երի ասպիրանտական կրթության վերաբերյալ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, որը մշակվել էր համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Ճանապարհային քարտեզը համընդհանուր փաստաթուղթ է՝ հիմնված ասպիրանտական կրթության զարգացման հայկական սկզբունքների վրա:

Այնուհետև բոլոր համալսարանները ներկայացրեցին իրենց կողմից մշակված անհատական ռազմավարական պլանները:

Հանդիպման գլխավոր նպատակին համահունչ՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի և ԵՄ գործընկերների կողմից ներկայացվեցին արտաքին ստանդարտները: Մասնակիցները բաժանվեցին խմբերի և քննարկեցին ասպիրանտական կրթության որակի ապահովման ցուցիչները: Յուրաքանչյուր թիմի կողմից ներկայացվեցին համապատասխան առաջարկներ, որից հետո ծավալվեց քննարկում ավելի մեծ լսարանի համար ԵՄ և տեղի գործընկերների միջև:

Հանդիպման ավարտին ներկայացվեցին առաջիկա համապասխան գործողությունները և վերջնաժամկետները: Որոշում կայացվեց ավարտին հասցնել ասպիրանտական կրթության աստիճանաշնորհման և որակի ապահովման ստանդարտների վերաբերյալ մշակումները մինչև 2015թ. հուլիսի 15:

Եռօրյա հանդիպումից հետո Հայդելբերգի համալսարանի ներկայացուցիչների Օլիվեր Գրուսը և Սանդրա Մարտինին այցելեցին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտության վարչություն և հանդիպեցին վարչության պետ Սեյրան Քոչարյանի հետ, ով գործընկերներին ներկայացրեց համալսարանի գիտակրթական ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով՝ ներառյալ կրեդիտային համակարգը, ուսման ընթացակարգերը: Հայդելբերգի համալսարանի ներկայացուցիչները շրջայց կատարեցին գիտության վարչության վեբինարի լսարանով, որը համալսարանում ծառայում է որպես հետազոտողների համար օնլայն ռեսուրսների փնտրման հարթակ, ինչպես օրինակ Thomson Reuters-ի Web of Knowledge, ինչպես նաև այնտեղ անցկացվում են որակավորման քննություններ, օնլայն դասընթացներ, փորձագիտական հանձնաժողովների նիստերը, Երիտասարդ գիտնականների խորհրդի հանդիպումները:

Հայդելբերգի համալսարանի գործընկերներն իրենց գոհունակությունն արտահայտեցին գիտության վարչության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ և նշեցին, որ իրենց հետ Հայդելբերգ են տանում համալսարանի փորձառության մի մասը:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հանդիսանում է ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի համակարգողը (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) 2014-2016թթ. ընթացքում: Հավելյալ տեղեկություն կարելի է ձեռք բերել հետևյալ կայքում՝ http://tempusveritas.am:

 

Find us on Facebook